ՌԴ դեսպանի սպանությունը չի խոչընդոտի ռուս-թուրքական հարաբերություններին. Պուտին

Անկարայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը չի խոչընդոտի ռուս-թուրքական հարաբերություններին: Մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն:

«Անկեղծ ասեմ, որ ես թերահավատորեն էի վերաբերում այն վարկածին, որ Սու-24 ինքնաթիռը խոցվել է առանց Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հրամանի, այլ ռուս-թուրքական հարաբերությունները վնասել ցանկացող մարդկանց կողմից: Բայց այժմ, հատուկ նշանակության ջոկատի աշխատակցի կողմից Ռուսաստանի դեսպանի վրա իրականացված հարձակումից հետո, ես արդեն սկսում եմ փոխել իմ կարծիքը: Ինձ արդեն թվում է, որ ամեն ինչ հնարավոր է: Կործանարար տարրերի ներթափանցումը պետական կառույցներ, այդ թվում՝ բանակ, իրավապահ մարմիններ, իհարկե, խորը բնույթ ունի»,- ասել է Պուտինը:

Դա նախևառաջ հարձակում էր Ռուսաստանի վրա, ռուս-թուրքական հարաբերությունների վրա, ասել է Պուտինը՝ նկատի ունենալով դեսպանի սպանությունը:
Պուտինը հավելել է, որ այժմ իրեն իրավունք չի վերապահում սլաքները որոշակի ուղղությամբ ուղղել, ինչ-որ մեկին մեղադրել:

«Կխանգարի՞ արդյոք դա ռուս-թուրքական հարաբերություններին, ո՛չ, չի՛ խանգարի, որովհետև մենք հասկանում ենք ռուս-թուրքական հարաբերությունների կարևորությունը և ամեն կերպ կձգտենք դրանք զարգացնել: Մեզ հաջողվել է հարաբերությունների կարգավորումից հետո փոխզիջումներ գտնել, և հույս ունենք, որ այդ փոխզիջումները կգտնենք նաև ապագայում»,- նշել է Պուտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում