Հրանուշ Հակոբյանը կարևորում է սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ համակարգված աշխատանքը

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը դեկտեմբերի 23-ին ներկայացրեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2017 թվականի աշխատանքային ծրագրի նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում սիրիահայերի ներգաղթի և ինտեգրման 2017-2020թթ. ռազմավարության նախագծի վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ Հայաստանում սիրիահայերի աջակցության և ինտեգրման աշխատանքները համակարգող քարտուղարության հրավիրյալ մասնագետ Նարինե Կարինյանը:

Նա ասաց, որ իրենց գլխավոր նպատակն է ստեղծել արդյունավետ և միասնական համակարգ։ Թվարկելով ռազմավարության հիմնական սկզբունքները՝ Կարինյանն ասաց, որ սիրիահայերի Հայաստան մուտք գործելուն պես պետք է սկսվի նրանց ինտեգրման գործընթացը։ «Այս մարդիկ ունեն արժանի վերաբերմունք ստանալու իրավունք։ Նրանք կարող են ունենալ մեծ ներդրում երկրի մշակութային, տնտեսական, սոցիալական կյանքում»,- նշեց Նարինե Կարինյանը և հավելեց, որ սիրիահայերի համագործակցությունը տեղացիների հետ կարող է լինել ռազմավարության հիմնական սկզբունքներից։

Ամփոփելով նիստը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ համակարգված աշխատանքը։ Նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր կառույցներին ու կազմակերպություններին համագործակցության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում