«Ժողովուրդ». Արմեն Ամիրյան. Վատ բան չեմ տեսնում որևէ կուսակցության անդամակցելու մեջ

Արդեն երեք ամիս մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Ամիրյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է՝ նախքան նախարարի աթոռը զբաղեցնելը, սկզբունքորեն դեմ էիք արտահայտվել որևէ քաղաքական միավորի անդամակցելու մասով հնչած հարցին, բայց վերջերս հայտարարեցիք, որ մտածելու ժամանակ ունեք: Ինչ փոխվեց, հնարավո՞ր է, որ մինչ ապրիլ անդամակցեք ՀՀԿ-ին: 

Ի պատասխան թերթի հարցին՝ Արմեն Ամիրյանը նշել է. «Այս պահի դրությամբ ես դեռ կարիք չեմ զգում: Ժամանակը ցույց կտա, և ոչ միայն իմ մտածելու, այլև իրավիճակի, իրադրության խնդիրներ գոյություն ունեն: Այնուամենայնիվ ես վատ բան չեմ տեսնում որևէ կուսակցության անդամակցելու մեջ»:

Թերթը նախարարից հետաքրքրվել է՝ թե վերջերս Արցախում կայացած Սերժ Սարգսյանի և մտավորականների հետ հանդիպման կազմը Դո՞ւք էիք ընտրել և ինչ սկզբունքով: «Ես էի ընտրել և կարծում եմ՝ լավ ընտրություն էր,- պատասխանել է նախարարը՝ հավելելով,- հաջորդ հանդիպմանը կարող են լրիվ այլ մարդիկ հրավիրվել, որովհետև ես ուզում եմ ներգրավել ամբողջ դաշտը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում