«Հրապարակ». Մատենադարանը սպասումների մեջ է

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Ըստ Մատենադարանի կանոնադրության, տնօրենի պաշտոնը կարող է թափուր մնալ միայն 6 ամիս։ 6 ամիսը լրանալուց 40 օր առաջ պետք է այս պաշտոնի համար մրցույթ հայտարարվի։ Իսկ Հրաչյա Թամրազյանի մահվանից հետո վեցամսյա ժամկետը լրանում է փետրվարին, ինչը նշանակում է, որ հունվարի կեսերին պետք է մրցույթ հայտարարվի։ Սակայն մրցույթին խանգարող մի շարք հանգամանքներ կան։ Առաջինը, բնականաբար, հարմար թեկնածուի բացակայությունն է։

Այս պաշտոնը կարող է զբաղեցնել միայն այնպիսի անձ, որն ունի փիլիսոփայության, արվեստաբանության, պատմագիտության կամ բանասիրության դոկտորի կոչում, ինչը նշանակում է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը չի կարող ընտրվել, չնայած այս թեկնածությանը կողմ են որոշ շրջանակներ, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եթե որոշվի, որ տնօրենի պաշտոնի անձնագիրը փոխվելու է, և կարող է մասնակցել նաև գիտությունների թեկնածուն, ապա թեկնածուների շրջանակը կընդլայնվի։ Այդ դեպքում հավակնորդների թվում կարող է հայտնվել մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը, որին նման ակնարկ-առաջարկ է արել Մատենադարանի խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը։

Ի դեպ, խորհրդի կազմը նորացման կարիք ունի, քանզի այնտեղ ընդգրկվածների թվում կան ինչպես մահացածներ, այնպես էլ երկրից հեռացածներ։ Կան նաև մարդիկ, որոնք ժամանակին ի պաշտոնե են հայտնվել այստեղ, օրինակ՝ Հասմիկ Պողոսյանը, Արմեն Աշոտյանը, վարչապետի նախկին խորհրդականները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում