Մակրոտնտեսական ցուցանիշները հիասթափեցնող են….բայց՝ նոր հույսերով դեպի նոր տարի

2016 թվականի առաջին 11 ամիսների տնտեսական ակտիվության աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 0.4 տոկոս:

Տնտեսական աճի ապահովմանը էապես նպաստել է ծառայությունների մատուցման ոլորտը՝ 7.8 տոկոս աճի շնորհիվ: Արդյունաբերությունը, վատթարացնելով ցուցանիշը այնուամենայնիվ ապահովել է՝ 6.8 տոկոս աճ և առաջին 11 ամիսների կտրվածքով կազմել է 1 285 643.7 մլն դրամ: Պետք է նշենք, որ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը երկարատև անկումից հետո գրանցել է 1 տոկոսանոց աճ, ինչն պայմանավորված է պղնձի միջազգային գների աճով: Վերջինս դրական ազդեցություն կթողնի Հայաստանի տնտեսության վրա:

Գյուղատնտեսության ոլորտը շարունակում է գրանցել անկում՝ -6.1 տոկոս, 11 ամիսների կտրվածքով ծավալը կազմում է 836 144.1, մլն դրամ: Հետաքրքրական է, որ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է աննշան աճ: Վերջինս ոլորտի պատասխանատուները բացատրել են երկրի բնակլիմայական պայմաններով, մասնավորապես՝ եղանալի անբարենպաստ պայմանների պատճառով գյուղացիները բերքահավաքը կատարել են նոյեմբերին:

Ակնհայտ է, որ գյուղատնտեսական ոլորտում տիրող իրավիճակը բացասական ազդեցություն է ունենում ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշների վրա, և անհրաժեշտ է վերջինններիս վերլուծության արդյունքում մշակել գյողատնտեսության զարգացման ռազմավարություն, որն իր մեջ կներառի արտադրողին աջակցելու. մրցունակ արտադրանք ստեղծոլու, արտադրական ծավալները մեծացնելու, ինչպես նաև առկա շուկաներում ամրապնդվելու և նորերը որոնելու հստակ մոտեցումներ:

Շինարարությունը շարունակում է պահպանել անկումը, այս ամիս գրանցելով 0.9 տոկոս, թեպետ նախորդ ամսվա համեմատ ցուցանիշը դրական միտում ունի: Ներքին առևտրի շրջանառությունը բացասական ցուցանիշը պահպանվում է գրեթե նույն մակարդակի վրա և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմում է -0.3 տոկոս: Վերջինս պայմանավորված է տրանսֆերտների կրճատման արդյունքում բնակչության եկամուտների և սպառման վարքագծի փոփոխության հետ: 

ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2 տոկոսով ավելացել է միջին ամսական աշխատավարձերը, իսկ սպառողական գների անկումը կազմել է 1.4 տոկոս:

Հուսադրող է արտաքին առևտրաշրջանառության ծավալների շարունակական աճը, որը նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատությամբ կազմել է 8 տոկոս, ապահովելով 2 195.9 մլրդ դրամ:

Նշենք, որ այդ հատվածի աշխուժացումը շարունակում է ապահովվել արտահանման ծավալների ավելացման շնորհիվ: Վերջինս պահպանել է դրական տենդենցը և աճը կազմել է 21.2 տոկոս, ապահովելով 778.1 մլրդ դրամ: Հատկանշական է, որ ներմուծման ցուցանիշը երկարատև անկումից հետո գրանցել է 2 տոկոսանոց աճ, ծավալները կազմել են 1 417.8 մլրդ դրամ:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կանխատեսմամբ 2016-ի արդյունքներով իրական ՀՆԱ-ն կկազմի 0.5%` նախատեսված 2.2% աճի փոխարեն: Հայաստանի տնտեսությունը չեր կարող զերծ մնալ արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցություններից: Նախարարի գնահատմամբ՝ «Այս տարին ցնցումների վերջնակետն է: Ակնկալվում է, որ գալիք տարին կլինի վերականգնողական տարի, դրսից դրական ազդակներ կան, իրական աճը կլինի 3.2%»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում