Նարեկ Գալստյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Գեղարքունիքում դաշինքային մասնակցության դեպքում

«ՍԴՀԿ-ն եղել և մնալու է բացառապես ընդդիմադիր դաշտում, իշխանական «խաղերի» մեջ չենք մտնելու: Բայց, եթե այս ընտրություններում էլ գերիշխող լինի ընտրակաշառքի գործոնը,ապա ընդդիմության համար տխուր պատկեր կարձանագրվի»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը՝ հավելելով,որ ինքը վստահություն և հույս ունի, որ ՀՀ քաղաքացին այս անգամ ավելի ճիշտ կկողմնորոշվի:

ՍԴՀԿ-ն կմասնակցի ընտրություններին. դաշինքային ձեւաչափի պարագայում Նարեկ Գալստյանը կառաջադրվի վարկանիշային ընտրակարգով՝ Գեղարքունիքում: Հակառակ դեպքում Գեղարքունիքի մարզում կառաջադրվի կուսակցության մեկ այլ թեկնածու՝ տեղացիներից մեկը: Բոլոր վայրերում, եթե առանձին ենք գնալու, ունենալու ենք մեր թեկնածուն, եթե ոչ ապա 10-15 տեղերում մենք կունենաք մեր ռեյտինգային թեկնածունները:

«Վերջին ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ մենք բավականին շատ ձայներ ստացանք. մասնակցեցինք 6 տեղերում, որոնցից 3-ում հաղթանակ տարանք, 3-ում պարտվեցինք: Համենայն դեպս, նախընտրական գործընթացում, առանց մեզ ակտիվ պայքար չի լինի»,-հավելեց ատենապետը:

Հստակեցնելով իրենց մասնակցությունը ընտրություններին, ատենապետը անդրադարձավ ՍԴՀԿ-ՌԱԿ բանակցություններին և նշեց, որ այդ դաշինքը կմեծանա կամ կմիանա մեկ այլ դաշինքի, որը քաղաքական ու գաղափարական առումով հոգեհարազատ է ավանդական կուսակցություններին: Անուններ ատենապետը չնշեց, քանի որ դեռ հստակ պայմանավորվածություններ չկան:

«Մենք փորձում ենք աշխատել նրանց հետ, ովքեր մեզ համար առավել հոգեհարազատ են՝ հռետորիկայի առումով կամ քաղաքական ուղղվածությամբ: Այնուամենայնիվ, եթե բանակցությունները արդյունք չտան Հնչակյան կուսակցությունը ընտրություններին կմասնակցի առանձին: Մենք արդեն իսկ տանում ենք նախապատրաստական աշխատանքներ, ամբողջ Հայաստանով մեկ ձևավորում ենք մասնաճյուղեր, փետրվարի 1-ից Հայաստանի 40 համայնքներում կունենանք ձևավորված գրասենյակներ»,-նշեց բանախոսը:

Անդրադառնալով անցնող տարում տեղի ունեցած իրադարձություններին ՍԴՀԿ ատենապետը մատնանշում է երկու կարեւոր խնդիր` ապրիլյան քառօրյա պատերազմը եւ ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» խմբավորման կողմից:

«Ենթադրվում էր, որ այդ իրադարձությունները էականորեն պետք է փոխեին ներհայաստանյան կյանքը, սակայն բովանդակային առումով մեր երկրում ոչինչ չփոխվեց, քաղաքական, սոցիալական եւ տնտեսական խնդիրները շարունակում են մնալ բավական սուր»,-ընդգծեց բանախոսը՝ կարեւորելով նաեւ անցած տարեվերջին կայացած Սահմանադրական փոփոխությունները, որոնք արդեն կիրառության մեջ են մտնում:

Ըստ Նարեկ Գալստյանի առաջիկա խնդրահարույց իրադարձությունը արցախյան խնդիրն է եւ 2017թ-ին սպասվող սպասվող խորհրդարանական ընտրությունները, որտեղ կան նոր խաղացողներ և սպասվում է բավական սուր պայքար::

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում