«Առավոտ». Քաղաքացիների մեծ մասն ակնկալիքներ ունի Կարեն Կարապետյանից

«Առավոտ»-ն անդրադարձել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակի կողմից անցկացված «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետի 100 օրյա գործունեությունը» հարցման արդյունքներին՝ նշելով, որ հարցվածների 7.5%-ը տվել է «գերազանց», 16.8%-ը՝ «լավ», 34.5%-ը՝ «բավարար» պատասխանները: Վարչապետի գործունեությունը «վատ» և «շատ վատ» որակել են հարցման մասնակիցների համապատասխանաբար 29.4% և 11.8%-ը:

Թերթը մեկնաբանել է. «Անշուշտ կարելի է «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» հարցման շուրջ հարցադրումներ անել՝ կապված ընտրանքի, մեթոդաբանության և այլնի հետ, սակայն նշված թվերը, գուցե որոշակի շեղմամբ, արտացոլում են մեր հասարակության մեջ եղած տրամադրությունները: Այսօր Հայաստանի քաղաքացիների մեծ մասը որոշակի ակնկալիքներ ունեն Կարեն Կարապետյանի ու նրա գլխավորած կառավարության գործունեությունից, և այդ ակնկալիքները օբյեկտիվ հիմքեր ունեն:

Նախ` ակնկալիքները պայմանավորված են կառավարությունը փոխելու Սերժ Սարգսյանի որոշմամբ: Համակարգում ցանկացած փոփոխություն իր հետ բերում է որոշակի սպասումներ, որոնք գուցեև իրականություն չդառնան, սակայն միևնույնն է՝ թե՛ հանրությանը, թե՛ համակարգին հանում են լճացման թմբիրից: Երկրորդ՝ նոր վարչապետը, ի դեմս Կարեն Կարապետյանի, պաշտոնը ստանձնեց համընդհանուր դրական ընդունելության ֆոնին: Դժվար է գտնել հասարակական ու քաղաքական որևէ խումբ, որը Կարեն Կարապետյանի նշանակումը սվիններով ընդունեց: Ավելին՝ նա արդեն երեք ամիս պաշտոնավարում է, սակայն սուր քննադատությունների տեղիք չի տվել, նույնիսկ՝ քաղաքական ընդդիմադիրների կողմից: Եթե մի փոքր պատմական էքսկուրս կատարենք, կտեսնենք, որ նախկինում միշտ էլ նորանշանակ վարչապետները հենց պաշտոնավարման առաջին իսկ օրվանից սուր քննադատության են ենթարկվել այս կամ այն կուսակցության կամ կազմակերպության կողմից: Միակ բացառությունը, թերևս, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն էր, ով իսկապես լայն ընդունելություն ուներ քաղաքական դաշտի բոլոր դերակատարների կողմից:

Կարեն Կարապետյանի «մրցակցային առավելություններից» մեկն էլ, հավանաբար, այն էր, որ պաշտոնավարման հենց առաջին իսկ օրերին նա համարձակություն ունեցավ օբյեկտիվ գնահատական տալ երկրում ստեղծված տնտեսական վիճակին՝ այն անվանելով «չափազանց ծանր»: Ձևակերպելով խնդիրը՝ վարչապետ Կարապետյանը փաստացի ազդակ տվեց հանրությանը, որ մտադիր է լրջորեն զբաղվել դրանով: Ինչը, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ հանրային տրամադրությունների վրա: Վերը նշվածին կարելի է հավելել նաև սոցիալական այնպիսի զգայուն թեմաների շուրջ, ինչպիսիք գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն են, Կարապետյանի կառավարության որդեգրած մոտեցումն ու տված լուծումները»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում