ԱՄՆ-ը պահպանել Է առաջին տեղը աշխարհում զենքի վաճառքի ցուցանիշով. New York Times

ԱՄՆ-ը 2015 թվականին շուրջ 40 մլրդ դոլար գումարի զենքի վաճառքի պարտավորագրեր Է ստորագրել՝ պահպանելով առաջին տեղը ռազմական արտադրանք արտահանող երկրների ցուցակում: Այդ մասին գրում Է New York Times հրատարակությունը՝ հղում անելով Կոնգրեսի հետազոտական ծառայության զեկույցին:

Ինչպես նշում Է թերթը, սպառազինությունների շուկայում ստորագրված բոլոր պարտավորագրերի կեսը պատկանում Է ԱՄՆ-ին, որը մեծապես առաջ Է անցել իր մերձավոր հետապնդողից՝ Ֆրանսիայից, որին հաջողվել Է վաճառել շուրջ 15 մլրդ դոլարի զենք:

2015 թվականին զենքի խոշորագույն գնորդները դարձել են Քաթարը, որն ավելի քան 17 մլրդ գումարի պարտավորագրեր Է ստորագրել, Եգիպտոսը (12 մլրդ դոլար) եւ Սաուդյան Արաբիան, որը ձեռք Է բերել 8 մլրդ դոլար գումարի ռազմական նշանակության արտադրանք:

Չնայած աշխարհում տիրող լարվածությանը եւ ահաբեկչական սպառնալիքին, ամբողջ աշխարհում զենքի առեւտրի ծավալները նվազել են 9 մլրդ դոլարով՝ 2014 թվականի 89 միլիարդից մինչեւ 80 միլիարդ՝ 2015 թվականին, գրում Է հրատարակությունը: Ընդ որում, ինչպես նշում Է թերթը, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին հաջողվել Է 2015 թվականին ավելացնել զենքի վաճառքը, իսկ այդ երկրների հասույթն աճել Է համապատասխանաբար 9 մլրդ եւ 4 մլրդ դոլարով:

Թերթի տվյալներով՝ 2015 թվականին զենքի վաճառքից Ռուսաստանի եկամուտներն ընդհանուր առմամբ մնացել են 2014 թվականի մակարդակի վրա. աննշան նվազում Է գրանցվել 11,2 միլիարդից մինչեւ 11,1 մլրդ դոլար:

2015 թվականին զենքի վաճառքից Չինաստանի հասույթը կազմել Է 6 մլրդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում