Լավրովը հորդորել Է ԱՄՆ-ի նոր վարչակազմին՝ համատեղ կարգավորել սիրիական եւ ուկրաինական ճգնաժամերը

Ռուսաստանն ակնկալում Է կառուցողական երկխոսություն հաստատել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ եւ համատեղ առաջ շարժվել սիրիական եւ ուկրաինական ճգնաժամերի կարգավորման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 27-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ակնկալում ենք, որ կհաջողվի հաստատել պրագմատիկ երկխոսություն: Սկզբի համար հարկավոր Է վերսկսել միջգերատեսչական շփումը, որը գործնականում ամբողջությամբ դադարեցված Է»,-ասել Է Լավրովը:

Նա նշել Է, որ կառուցողական փոխգործակցությանը ԱՄՆ-ի պատրաստ լինելու դեպքում Մոսկվան եւ Վաշինգտոնն ի զորու են ոչ միայն առաջ շարժվել երկկողմ հարցերի լուծման ուղղությամբ, այլեւ համատեղ ծանրակշիռ ավանդ ներդնել գլոբալ եւ տարածաշրջանային սուր հիմնախնդիրների հաղթահարման գործում, ներառյալ սիրիական եւ ուկրաինական ճգնաժամերի կարգավորումը:

Լավրովն ընդգծել Է, որ «Բարաք Օբամայի օրոք երկկողմ հարաբերություններին հասցված ծանրագույն վնասը» հաղթահարելու համար «լուրջ ջանքեր կպահանջվեն»:

«Այժմ, հավանաբար, վաղաժամ Է խոսել այն մասին, թե հանրապետական թիմի հետ ինչպես կընթանա աշխատանքը կոնկրետ հարցերի շուրջ: Ամեն դեպքում հարկ Է սպասել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության արարողությանը եւ նրա կողմից այն գերատեսչությունների ղեկավարներ առաջադրվածների պաշտոնամուտին, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության եւ արտաքին գործերի համար: Հեռանկարի վերաբերյալ եզրակացություններ անել հնարավոր կլինի այն ժամանակ, երբ մենք պաշտոնական շփումներ կհաստատենք նոր վարչակազմի հետ եւ կտեսնենք նրա գործնական քայլերը»,-ասել Է ՌԴ ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում