Կործանված Տու-154-ի ինքնագրիչը վերծանման համար հասցվել է մերձմոսկովյան Լյուբերցի

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի աղետի վայրում հայտնաբերված սեւ արկղը հասցվել Է Օդատիեզերական ուժերի՝ մերձմոսկովյան Լյուբերցիում գտնվող կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ: Այդ մասին դեկտեմբերի 27-ին հայտնել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ին:

Ինքնագրիչի մաքրումից հետո կսկսվի դրա վերծանումը: Բացի այդ, ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստին, Սեւ ծովում գտել են կործանված ինքնաթիռի եւս երեք բեկորներ, այդ թվում՝ շարժիչը, շասիի կանգնակը եւ օդանավի պատվածքի տարրեր:

Սեւ արկղը ջրից դուրս Է բերվել դեկտեմբերի 27-ին ավելի վաղ: Օդանավի եւս երկու ինքնագրիչները, որոնք գտնվում են ինքնաթիռի պոչամասում, դեռեւս չեն գտնվել:
ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվում Էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել Է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել Է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամներ եւ 84 ուղեւոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի Է որպես Դոկտոր Լիզա, երկու զինծառայող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում