Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է առաջնագծի զինվորներին և սպաներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Մկրտչյանը և Կարեն Բոթոյանը, դեկտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն և հանդիպել է առաջնագծի զինվորներին և սպաներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից, ՀՀ Աժ պատվիրակության անդամները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ զինվորական կարգապահությունը և մարտունակությունը շատ բարձր մակարդակի վրա են, իսկ հայ զինվորի ոգին՝ անպարտելի: Զինվորների և սպաների հետ հանդիպման ընթացքում ՀՀ Աժ փոխնախագահը նշեց. «Հարգելի եղբայրներ՝զինվորներ և սպաներ, ավարտվում է 2016 թվականը , որը լի էր մարտահրավերներով և առաջին հերթին այդ մարտահրավերները զգացվեցին այստեղ՝առաջնագծում: Ապրիլին նենգ հակառակորդը ձեռնարկեց ահաբեկչական գործողություն ընդդեմ Արցախի Հանրապետության և առաջինը դուք արիաբար ընդունեցիք այդ մարտահրավերը՝ ապացուցելով, որ հայոց հաղթական ոգին անպարտելի է: Այսօր ուզում եմ փառք ու պատիվ տալ մեր հերոսացած զինվորներին, ովքեր Վարդան Մամիկոնյանի օրինակով հռչակեցին, որ մահ իմացյալ՝ անմահություն է: Դուք ձեր գործողությամբ ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ մենք Երևանում սխալվելու իրավունք չունենք: Այսօր առավել քան երբևէ մենք պետք է լինենք միասնական ու հասկանանք , որ Արցախի խնդիրը դա ողջ հայության խնդ իրն է, ինչպես նաև գիտակցենք , որ հայոց բանակն է անկախ պետականության, խաղաղության և անվտանգության երաշխիքը: Ձեր հերոսական կեցվածքը պետք է օրինակ լինի բոլորիս երեխաների համար»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում