Կառավարության համար առաջնային նպատակ է հատուկ պահպանվող տարածքների ընդլայնումը

Բնության հատուկ պահպանվող տարածքների հետ կապված ՀՀ կառավարության նպատակային գործողությունները և ՀՀ բնապահպանության նախարարության ծրագրային մոտեցումները հետևյալն են. պետք է հնարավորինս շատ ստեղծվեն ազգային պարկեր, հատուկ պահպանվող տարածքներ՝ այդ թվում մասնավորի հետ համագործակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Հատուկ պահպանվող տարածքները պետք է ունենան զարգացման հստակ տեսլական։ Այս տարի դեկտեմբեր ամսին մենք ստորագրել ենք հուշագիր «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որպեսզի ստեղծենք «Ջերմուկ ազգային պարկը»։ Ընդհանուր առմամբ սա ենթադրում է 5,7 մլն ԱՄՆ դոլարի օժանդակություն»,- ասաց նախարարը։

Մինասյանի խոսքով՝ կենսառեսուրսների պահպանության ոլորտում գոյություն ունի CITES համակարգ, որով միջազգային համագործակցության և պարտավորությունների շրջանակներում տրամադրվում են 2225 հատ թառափազգիների արտահանման թույլտվություններ։

«Վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ ՀՀ տարածքից արտահանելու և հանրապետություն ներմուծելու 7 թույլտվություն է տրվել։ Ինչպես նաև կա 18 լիցենզիա Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ արտահանման համար»,- ասաց Մինասյանը։

Նախարարը ծառատունկի մասին խոսելիս, ասաց, որ անտառվերականգնման աշխատանքներ իրականացվել են 65 հա տարածքում։ Տնկարանի հիմնման և խնամքի աշխատանքներ իրականացվել են 5 հա տարածքի վրա և տնկանյութի աճեցման աշխատանքներ։

«Ընդերքի և հողերի պահպանության բնագավառում շարունակվում է կարևորագույն հարց մնալ ռեկուլտիվացիայի խնդիրը։ Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման ոլորտում կարևորվում է օրինաստեղծ գործունեությունը։ Մենք դեռևս ամբողջությամբ այս օրենսդրությունը չենք ձևավորել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում