Արծվիկ Մինասյանն ընտրություններին ակտիվ առաջ է տանելու իր կուսակցության գաղափարները

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, լինելով ՀՅԴ ներկայացուցիչ, որոշել է ակտիվորեն ոչ միայն մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այլև առաջ տանել իր կուսակցության գաղափարները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին բնապահպանության նախարարն ասաց տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին:

«Բնականաբար, մեր ընտրողների մի զգալի մասի ձայները պայմանավորված են այն կուսակցության պատասխանատուի աշխատանքով և այն անձով, ում վարքագիծը կապված է կուսակցության վարքագծի հետ: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր ընտրողները տեսնեն, որ այն, ինչ հայտարարվում է Դաշնակցության կողմից, չի մնում թղթի վրա: Ինձ համար գոյություն ունի երեք առաջնորդող փաստաթուղթ. առաջինը՝ Սահմանադրությունը, երկրորդը՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը, և ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը: Իսկ այդ հուշագիրը նախատեսում է զարգացում բոլոր ոլորտներում»,– շեշտեց նախարարը։

Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ ինքը ջանք ու եռանդ չի խնայելու Հայաստանում զարգացում ու առաջընթաց ապահովելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում