«Առավոտ». Ենոքյան. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կձգձգվի մինչև Հայաստանի հերթն անցնի»

«Հայաստանի հետ կարող են վարվել այնպես ինչպես ցանկանում են»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետաձգման փաստից այսպիսի հետևություն արեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը։ Հիշեցնենք, որ 2015-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը արդեն երրորդ անգամ է, հետաձգվում։ 

Ենոքյանը նշել է. «ՀՀ-ն ցույց է տվել, որ ՀԱՊԿ-ում ոչ թե ինքն է որոշում ընդունող, այլ իր հանդեպ որոշում ընդունող են»։ Թերթի այն դիտարկմանը՝ այն, որ այս հարցում ընդհանուր հայտարարի չեն գալիս, վկայում է այն մասին, որ կառույցին անդամակցող երկրները շահերի բախում ունե՞ն, Ենոքյանը պատասխանել է. «կառույցը ռազմաքաղաքական է, և որոշումներն ընդունվում ու պարտադրվում են ՀՀ զինված ուժերին. Միացյալ զորախումբը, ՀԱՊԿ միասնական համակարգը և բազմաթիվ այլ որոշումներ մատուցվում են Հայաստանում։ ՀՀ-ն այդտեղ լուրջ խոսք չունի ասելու։ ՀՀ-ն որոշումներ ընդունելու քիչ մեխանիզմներ ունի»։

Ըստ Աղասի Ենոքյանի՝ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչև ՀՀ-ի հերթն անցնի, լինի այլ պետության հերթը, կամ այնքան ժամանակ, մինչև որոշումներն ընդունելու մեխանիզմները փոխվեն, և ակնհայտ դառնա, որ ոչ թե ՀԱՊԿ-ի ընդհանուր որոշումներն են ընդունվում, այլ Պուտինի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում