«Փաստ». ԱԱԾ-ի կողմից ձերբակալվածը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահն է

Ինչպես արդեն ԱԱԾ–ն պաշտոնապես հայտարարել է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Ա. Ս.–ն և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա. Պ.–ն… Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին: Գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2547000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված»:

«Փաստ»-ը գրել է, որ նշված անձը` Ա. Ս.–ն, Արմեն Սողոյանն է, ով ուրբաթ օրն է ձերբակալվել և դատարանի որոշմամբ երկու ամիս «կփակվի ԱԱԾ–ի պադվալում»: Արմեն Սողոյանը մինչ այդ` 2003–2009 թթ. Երևանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետն էր: Մասնագիտությամբ հոգեբույժ է, բժշկական գիտությունների թեկնածու: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում