«Առավոտ». Հրանուշ Հակոբյան. «Ես պաշտոն չեմ վայելում, առավոտից իրիկուն տառապում եմ»

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է այն քննադատություններին, որ հնչում են իրենց հասցեին։ Թե ինչու են իրեն թիրախավորում, անընդհատ հարց են բարձրացնում, թե ինչու է այսքան երկարակյաց այս նախարարը՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանել է. «Դուք քանի՞ տարի է լրագրող եք, բա ամոթ չի՞, այսքան երկար տարի կարելի՞ է լրագրող աշխատել»։

Թերթի դիտարկմանը, որ լրագրող լինելը պաշտոն չի, դա կոչում է և պահանջում է 24-ժամյա նվիրված տաժանակիր աշխատանք՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանել է. «Իմն էլ տաժանակիր աշխատանք, ավելի տաժանակիր է։ Դա ևս կոչում է։ Մերը պաշտոն չի: Ես պաշտոն չեմ վայելում, ես առավոտից իրիկուն իմ երեխեքի հետ տառապում եմ, որպեսզի Կամչատկայից, Ավստրալիա, Ավստրալիայից, Լատինական, Ամերիկա պատասխան տանք։ Եթե մեկ հոգու փորձենք սխալ ընդունել, լավ չպատասխանել, ուշադիր չլինել, միանգամից պայթյուն կսկսի ձեր ասած համացանցում»։

Նախարարը հավելել է. «Քաղաքականությունը ամենաբարդ տեղն է։ կարո՞ղ եք ցույց տալ քաղաքականության մեջ մի կին, որ 22 տարի ինքն իր քրտինքով, ինքնուրույն, մենակ պատգամավոր լինին ու ընտրվի անընդհատ ժողովրդի կողմից։ Ի՞նչ անեմ, գնամ ասեմ, մի՞ ընտրեք ինձ, ընտրում է ժողովուրդը՝ առանց փողի, առանց կաշառքի առանց խաբեության առանց այլանդակության։ Փոխանակ ասեք՝ ինչ նախարար եք գնում նստում եմ մետրո, ասում եք՝ ես ինչի՞ նստեցիր մետրո։ Ուրիշ ժամանակ ասում էիք՝ լսեք, ԱՄՆ-ում, Եվրոպայում բոլորը մետրոյով են գնում, հեծանիվներով են գնում, այս ինչ նախարարներ են, ես գրեթե ամիսը մեկ երկու անգամ մետրոյով եմ գնում, որպեսզի իմ վարորդը հանգստանա, ի՞նչ անեմ։ Բա ինչի՞ եք աղմուկ հանում, ինչի՞ մեկը գրիչ չվերցրեց ու չասաց՝ ամոթ չե՞ք անում, ճիշտ է անում մեր նախարարը, ինչու մեկ-մեկ չե՞ք հակադարձում այն ակնհայտ խայտառակ փաստերին, որ արվում է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում