ԶԼՄ-ները մոդելավորել են Տու-154-ի կործանումը

ՌԴ պաշտպանության նախարարութծյան՝ Սեւ ծովում կործանված Տու-154 ինքնաթիռի ձայնագրիչի տվյալների վերծանումը թույլ է տվել վերստեղծել ավիաաղետի պատկերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Life-ը:

Գրաֆիկական մանրակերտի վրա երեւում է, որ օդ բարձրանալիս հանրանավի պոչամասը կտրուկ ցած է իջել: Ընդ որում օդանավը թեքվել է դեպի ձախ, ինչից հետո խորտակվել է ծովում:

Դեկտեմբերի 27-ին հայտնի է դարձել, որ փորձագետները վերծանել են Տու-154-ի խոսքային ձայնագրիչը: Օդաչուների խոսակցությունն ընդհատվում է փականների վերաբերյալ բացականչությամբ: Դրանից հետո հնչում են. «Հրամանատար, ընկնում ենք» խոսքերը:

Ավիաաղետի վայրում գործող օպերատիվ շտաբի աղբյուրի խոսքով՝ «օդանավում խախտվել է փականների փոխհամաձայնեցված աշխատանքը, ինչի հետեւանքով ինքնաթիռը կորցրել է ամբարձիչ ուժը, արագությունը բավականաչափ մեծ չի եղել բարձրությունն ավելացնելու համար, եւ ինքնաթիռն ընկել է»:

ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվում էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամներ եւ 84 ուղեւոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում