Աղետյալ Տու-154-ի զոհերի հայտնաբերված մարմինների թիվը հասել է 15-ի

Փրկարարները Սեւ ծովում Տու-154 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերել են եւս երեք զոհվածների մարմիններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ուժային կառույցների մի աղբյուր:

«Հայտնաբերված մարմինների ընդհանուր թիվը հասել է 15-ի»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունում ասել են, որ զոհվածների աճյունների գենետիկական վորձաքննությունը կանցկացվի Մոսկվայում:

Որոնողական գործողությանը մասնակցում են 45 նավ, 15 խորջրյա ապարատ, 192 ջրասուզակ, 12 ինքնաթիռ եւ հինգ ուղղաթիռ: Օդանավի խոշոր բեկորները բարձրացնելու համար ինքնաթիռի կործանման շրջան է ժամանել ինքնագնաց կռունկ:

Ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնը հայտնել է, որ Սեւ ծովում պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի կործանման գործով ստուգվում է չորս հիմնական վարկած: «Հիմնական աշխատանքային վարկածներն են՝ շարժիչի մեջ կողմնակի առարկաների ընկնելը, անորակ վառելիքը, նավավարման սխալը, ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը»,-հայտնել են ԱԴԾ-ում:

«Օդանավում ահաբեկչական գործողության կամ դիվերսիայի հնարավորությունը մատնանշող նշաններ ու փաստեր չեն ստացվել»,- հավելել են կենտրոնում, նշելով, որ աղետյալ ինքնաթիռը ռազմական նշանակության բեռներ չէր փոխադրում:

ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվում էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամներ եւ 84 ուղեւոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում