ԶԼՄ-ներին հայտնի է դարձել ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Թրամփի թեկնածուների անունները

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է 2017 թվականին Ռուսաստանում նոր դեսպան նշանակելու հնարավորությունը, քանի որ այդ պաշտոնը հանգուցային է համարում երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի դիվանագիտական շրջանների եւ Հանրապետական կուսակցության ղեկավարության աղբյուրների:

Թերթի տեղեկատվության համաձայն՝ դիվանագիտական պաշտոնի երկու գլխավոր հավակնորդներն են՝ կոնգրեսական Դանա Ռոռաբահերը եւ դիվանագետ Թոմաս Գրեմը՝ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի խորհրդականը:

«Թրամփը նորացնում Է դիվանագիտական կորպուսը: Հաջորդ տարի, հնարավոր է, ԱՄՆ-ի նոր դեսպան նշանակվի Ռուսաստանում: Դա կապված է ոչ թե ներկայիս դիվանագետների նկատմամբ պահանջների, այլ թիմի փոխարինման հետ»,– ճշտել է դիվանագիտական աղբյուրը: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ կան այդ պաշտոնի նաեւ այլ թեկնածուներ: 

Ռոռաբահերն զբաղեցնում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի Եվրոպայի, Եվրասիայի եւ նոր սպառնալիքների գծով ենթակոմիտեի նախագահի պաշտոնը: 2015 թվականին նա հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի համար սպառնալիք չկա: Նրա կարծիքով, վտանգը բխում է արմատական իսլամական ահաբեկչությունից, եւ ԱՄՆ-ը պետք է դրա դեմ պայքարի Ռուսաստանի հետ համատեղ:

Թոմաս Գրեմը Ելի համալսարանի պրոֆեսոր է, ԱՄՆ-ի նախագահի՝ Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով նախկին խորհրդական: Թերթի տեղեկատվության համաձայն, նա ազատ խոսում է ռուսերեն եւ արդեն աշխատել է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում