Կուբայում օրենքով սահմանափակվել է Ֆիդել Կաստրոյի անվան օգտագործումը

Կուբայի ժողովրդական իշխանության ազգային ժողովը դեկտեմբերի 27-ին օրենք է ընդունել, որով արգելվում է հասարակական վայրերը մեկ ամիս առաջ վախճանված Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի պատվին անվանակոչելը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Դրա հետ մեկտեղ օրենքը մշակույթի գործիչներին չի արգելում հեղափոխականի կերպարն օգտագործել երաժշտության, գրականության մեջ, պարերում, կինոյում: Նրա լուսանկարները կարող են գտնվել գրասենյակներում, ուսումնական հաստատություններում եւ պետական հիմնարկություններում:

Ինչպես նշել է պետության ղեկավար Ռաուլ Կաստրոն, կոմանդանտեին պատշաճը մատուցելու լավագույն եղանակը հեղափոխության նրա հայեցակարգին հետեւելն է:

Ֆիդել Կաստրոն միշտ էլ ասել է, որ դեմ է իր անձի պաշտամունքին: Հեղափոխության առաջնորդը 90 տարեկան հասակում մահացել է նոյեմբերի 25-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում