Սիրիական ընդդիմությունը պաշտպանել է հակամարտության կարգավորման բանակցություններ վարելու առաջարկը

Սիրիական ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեի (ԲԲԿ) ղեկավար Ռիադ Հիջաբը Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու առաջարկը համարել է խաղաղության հաստատմանն ուղղված «անկեղծ ջանքեր» եւ հայտարարել, որ աջակցում է դրանց, տեղեկացնում է«Արմենպրես»-ը:

«Մենք ողջունում ենք տեղաշարժը համաշխարհային առանձին տերությունների դիրքորոշումներում եւ անկեղծ դրական ջանքերը, որոնք կարող են սիրիական ժողովրդի ակնկալիքների իրականացման ելակետ դառնալ համաձայնության հասնելու ճանապարհով, որը կբերի անվտանգություն ու կայունություն»,– ասված է նրա կողմից մամուլի համար տարածված հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան հանդես են եկել Աստանայում Սիրիայի խնդրի քաղաքական կարգավորման շուրջ միջսիրիական բանակցություններ անցկացնելու նախաձեռնությամբ: Այդ գաղափարը պաշտպանել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ համաձայնելով Ղազախստանի մյրաքաղաք Աստանան որպես հարթակ տրամադրել դրանց անցկացման համար:

Հաջիդն իր հայտարարության մեջ նշել է, որ ԲԲԿ-ն կցանկանար հրադադարի հասնել Սիրիայի ամբողջ տարածքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին համապատասխան: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, ԲԲԿ-ն առայժմ պաշտոնական որեւէ տեղեկատվություն չի ստացել բանակցային գործընթացի կազմակերպման հարցերի վերաբերյալ:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները բրիֆինգի ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է, որ Աստանայում միջսիրիական բանակցություններին, Ռուսաստանից, Թուրքիայից եւ Իրանից բացի, կարող են հրավիրվել Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի ներկայացուցիչները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում