Լիբանանի կառավարությունը ստացել է վստահության քվե

Լիբանանի նոր կառավարությունը դեկտեմբերի 28-ին ստացել է վստահության քվեն: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Խորհրդարանական եռօրեայ նիստերու աւարտին, լիբանանեան նոր կառավարութիւնը ստացաւ վստահութեան քուէ:

Այսօր, Չորեքշաբթի 28 Դեկտեմբեր 2016-ի առաւօտեան, վարչապետ Սաատ Հարիրիի գլխաւորած կառավարութիւնը ստացաւ խորհրդարանի վստահութեան քուէն:

Լիբանանեան խորհրդարանը անցնող երկու օրերուն ընթացքին քննարկեց նորակազմ կառավարութեան աշխատանքային ծրագիրը:

Իր պատասխան խօսքին մէջ վարչապետ Սաատ Հարիրի խոստացաւ հաշուի առնել երեսփոխաններուն նկատողութիւնները եւ առաջարկները: Ապա տեղի ունեցաւ քուէարկութիւն: Խորհրդարանին մէջ ներկայ գտնուող 92 երեսփոխաններէն 87-ը իրենց վստահութիւնը յայտնեցին նոր կառավարութեան: Չորս երեսփոխաններ քուէարկեցին դէմ, իսկ մէկ անդամ մնաց ձեռնպահ:

Նշենք, թէ 30 անդամ հաշուող լիբանանեան կառավարութեան մաս կը կազմեն երկու հայ նախարարներ՝ Ժան Օղասապեան եւ Աւետիս Կիտանեան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում