Փարիզը եւ Լոնդոնը ՄԱԿ-ի ԱԽ-ին բանաձեւ են առաջարկել Սիրիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ

Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան բանաձեւի նախագած են մտցրել ՄԱԿ-ի Աանվտանգության խորհուրդ, որով նախատեսվում է Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել կառավարական ուժերի կողմից ընդդիմության դեմ քիմիական զենքի կիրառման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Առաջարկվում է սահմանափակիչ միջոցներ կիրառել քիմիական գրոհների անցկացմանը մեղսակից 11 ֆիզիկական անձանց եւ տասը ընկերությունների նկատմամբ:

Փաստաթղթի նախագիծը նախատեսում է նաեւ միջազգային պատժամիջոցներ, մասնավորապես, Դամասկոսին ուղղաթիռների մատակարարման արգելք, որոնք օգտագործվել են մարտական թունավոր նյութերի կիրառմամբ գրոհներ իրականացնելու համար:

Այս տարվա օգոստոսի 25-ին ՄԱԿ-ի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության՝ Սիրիայում ռազմական նպատակներով քիմիական նյութերի կիրառման դեպքերի հետաքննության առաքելությունը կարողացավ պարզել գրոհների ինը դեպքերից միայն երեքի կատարողներին: Փորձագետները կառավարական ուժերին մեղավոր ճանաչեցին երկու, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին՝ մեկ գրոհի համար: 

Մինչդեռ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը կտրականապես անընդունելի է համարել Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը:

Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման, նա եվրոպացի գործընկերներին նախազգուշացրել է «Անվտանգության խորհրդում մթնոլորտը վերստին թեժացնելու փորձերից»: Ռյաբկովն այն կարծիքին է, որ այդ մտահղացումից ոչինչ չի ստացվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում