Սուրեն Կարայանը Հայաստանում գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Հայաստանում գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտություն է տեսնում: Դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը նշեց, որ 2017 թ. ընթացքում կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել երկրում գործարարությամբ զբաղվելու պայմանների բարելավման ուղղությամբ:

«Գործարարությամբ զբաղվելը Համաշխարհային բանկի զեկույցի հիմք հանդիսացող 10 գնահատման ցուցանիշներից 4-ի՝ էլեկտրականության միացման, շինարարության թույլտվության ստացման, սնանկության ճանաչման և հարկերի վճարման մասով Հայաստանի դիրքերը շարունակում են մնալ ցածր, և դա մեզ չի գոհացնում: Նշված 4 ցուցանիշների միջին դիրքը 81-րդն է, այն դեպքում, երբ գնահատվող բոլոր ցուցանիշների միջինացված հանրագումարով Հայաստանը զբաղեցրել է 38-րդ տեղը: Այստեղ մենք լուրջ աշխատանքներ ենք սկսել և այս բոլոր ոլորտներում իրականացնելու ենք բարեփոխումներ»,- նշեց Կարայանը:

Նախարարը հավելեց, որ կառավարության ծրագրով ևս հավակնոտ թիրախ է սահմանվել, որ մեկ տարվա ընթացքում առնվազն վերը նշված 4 կետով Հայաստանի դիրքերը պետք է ամրապնդվեն: «Մենք քննարկումներ ենք իրականացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և արդեն նախատեսված են այն միջոցառումները, որ պետք է իրականացնենք այս 4 ոլորտներում, որպեսզի գործարարությամբ զբաղվելը Հայաստանում դառնա ավելի պարզ, հստակ և դյուրին:

Սուրեն Կարայանը կարևորում է գործարար միջավայր-կառավարություն համագործակցությունը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնելու անհրաժեշտությունը: «Այստեղ շատ մեծ դեր ունի մեր նախարարությունը, և մենք նաև մեր միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ արդեն սկսել ենք այդ աշխատանքների իրականացումը: Այս երեք ամսում մենք նախարարության ներքո ստեղծել ենք մշտական գործող հարթակներ և պայմանավորվածություն ունենք, որ յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչների հետ ամիսը մեկ անգամ հանդիպելու և քննարկելու ենք բոլոր խնդիրները»,- ընդգծեց նախարարը:

Սուրեն Կարայանը նաև նշեց, որ վերջին ամիսներին իրականացվել են օրենսդրական փոփոխություններ` միտված Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը: Նախարարն արձանագրում է, որ կառավարության քննարկած հարցերի 20 տոկոսը վերաբերել է գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը: «Մենք այստեղ բավականաչափ պարզեցումներ արդեն մտցրել ենք, որը մեզ հնարավորություն է տալու ավելի զարգացնել գործարարությունը Հայաստանում»,- եզրափակեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում