Իրանը փորձարկել է «Թալաշ» հրթիռային համալիրը եւ «Սայադ-3» հրթիռներ

Իրանցի զինվորականները հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի զինավարժությունների ընթացքում առաջին անգամ փորձարկել են սեփական արտադրության «Թալաշ» հրթիռային համալիրը եւ «Սայադ-3» հրթիռներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են իրանական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ ՀՕՊ-ի «Խաթամ ալ Անբիյա» ռազմակայանի հրամանատար գեներալ Ֆարզադ Իսմայիլին հայտնել էր երկրի հարավում ՀՕՊ-ի «Մոդաֆե Ասմանե վելայաթ-7» ընդգրկուն վարժանքների անցկացման մասին՝ բանակային ՀՕՊ-ի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՀՕՊ-ի եւ ռազմածովային նավատորմի օժանդակ ստորաբաժանումների, բանակի օդատիեզերական ուժերի, ցամաքային զորքերի եւ հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ:

Վարժանքները տեւելու են երեք օր, ներկայում ընթանում Է դրանց ավարտական փուլը:

Tasnim գործակալության տվյալներով՝ «Սայադ-3»-ի գործարկումը սեփական արտադրության «Թալաշ» հրթիռային համալիրից իրականացվել է վարժանքների եզրափակիչ փուլի շրջանակներում եւ հաջող Է անցել: «Սայադ-3» հրթիռները կարող են օգտագործվել այնպիսի թիրախների խոցման համար, որոնք գտնվում են մինչեւ 150 կիլոմետր բարձրության վրա:

ISNA գործակալության տվյալներով, առաջին անգամ օպերատիվ փորձարկում է անցել նաեւ «Թալաշ» համալիրը: Դրանից արձակված հրթիռը հակառակորդի պայմանական թիրախը խոցել է Պարսից ծովի Հարք կղզում:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ զինավարժությունների ընթացքում Իրանը փորձարկելու է ռուսական արտադրության C-300 զենիթահրթիռային համալիրներ, հաղորդել է ՌԻԱՆ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում