Լևոն Տեր-Պետրոսյանի վայրիվերումները

Դեկտեմբերի 17-ին ՀԱԿԿ համագումարին ելույթից հետո Տեր-Պետրոսյանն անհրաժեշություն է համարել հանդես գալ լրացուցիչ հրապարակումով` փորձելով պատասխանել ելույթի տարատեսակ արձագանքներին:

Առաջին նախագահը նշում է. «Անակնկալը դրական արձագանքների առատությունն էր, ինչը նշանակում է, որ ուղեղների լվացմանն ուղղված տասնութամյա պետական քարոզչությանն այնուամենայնիվ չի հաջողվել ողջախոհությունն արմատախիլ անել մեր իրականությունից»:

Նախ, դրական արձագանքներ, կարծես չկան, բացի ՀԱԿԿ վերնախավի մի քանի ներկայացուցիչների հարցազրույցներից ու հրապարակումներից, որոնց խոսքն ավելի շատ արդարացման փորձի է նմանվում, քան Տեր-Պետրոսյանի թեզերի համոզմունքի վերածված պաշտպանության: Նաև անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում «ուղեղների լվացմանն ուղղված տասնութամյա պետական քարոզչություն»: Երբ թշնամիդ օր ու գիշեր իր ժողովրդին պատրաստում է պատերազմի, իսկ դու տարիներ շարունակ հանդես ես գալիս խաղաղասիրական դիրքերից, ապա պատերազմի դեպքում ավելի շուտ պարտվելու ես, քան հաղթելու:

Եվ հետո, Հայաստանի և Արցախի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների շուրթերից բազմիցս հնչել է տեսակետ, որ հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջումային տրամաբանությամբ: Ասել կուզի, հայկական կողմը երբեք էլ Բաքվի պատկանելիության հարցը կասկածի տակ չի դրել, ինչը չի կարելի ասել ադրբեջանական կողմի մասին` Երևանի պատկանելիության հարցում: Իսկ ուղեղների լվացման հարցում հանրապետության թիվ մեկ մասնագետը, թերևս, Տեր-Պետրոսյանն է, որ հրապարակներում մարդկանց ուղեղներն այնպես լվաց, այնպես մթագնեց, որ ի վերջո մարտի 1-ին Երևանի փողոցներում արյուն հոսեց…

Տեր-Պետրոսյանն իր հրապարակման մեջ հակամարտության կարգավորման վեց փուլ է նշում` առաջին շարքում դասավորելով տարածքների զիջումն ու խաղապահ զորքերի տեղակայումը: Մինչդեռ ՀՀ և ԼՂՀ իշխանությունները կարգավորման առարկա առաջնային խնդիրը դիտարկում են Արցախի կարգավիճակը: Այլ կերպ ասած` պետք է վերացվի հակամարտության պատճառը, հետո նոր հետևանքները: Հենց սրանում է Տեր-Պետրոսյանի և Նախագահ Սարգսյանի մոտեցումների տարբերության անկյունաքարը: Թե ՀՀ և թե ԼՂՀ իշխանությունը, համաձայնվելով միջնորդների առաջարկած հակամարտության կարգավորման «ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից հրաժարում» սկզբունքներին, երբեք էլ չեն թաքցրել, որ միայն կարգավիճակի հստակեցումից հետո են պատրաստ քննարկել սահմանագծման հարցերը:

Իսկ հակամարտության կարգավորման տեր-պետրոսյանական փիլիսոփայությունը ենթադրում է տարածքների զիջում, որից հետո միայն կարգավիճակի շուրջ բանակցություններ, այլ կերպ ասած` հետադարձ 1992թ.: Իսկ ո՞վ է երաշխավորը, որ Ջեբրայիլի ու Աղդամի մատույցներից ադրբեջանական թնդանոթները չեն մոտենալու Հադրութին և Ասկերանին: Քանի՞ կոպեկ արժի խաղաղապահների ներկայությունը, եթե Ադրբեջանը չի ցանկանում ճանաչել Արցախի նույնիսկ միջանկյալ կարգավիճակը: Իսկ եթե մի օր աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվի ու խաղաղապահները վերադառնան իրենց պետություններ, ինչպես ռուսական բանակը 1917-ին Արևմտայն Հայաստանից վերադարձավ տուն…

Մի բան ակնհայտ է, Տեր-Պետրոսյանն ամեն գնով փորձում է ապացուցել, որ 1997-ին ինքը ճիշտ էր: Այդ պատճառով էլ պարզագույն հնարքներ է կիրառում և քաղաքագիտական աճպարարության մաստեր-կլասսներ կազմակերպում: Ինչպես 1997-ին էր պնդում, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ մրցակցել ու ռազմական հավասարակշռություն պահել, այնպես էլ` մեր օրերում: Ըստ որոշ տեղեկությունների` 1994-ին կամ 1995-ին Բագրատ Ասատրյանը Ադրբեջանի և Հայաստանի տնտեսական զարգացման միտումների մասին տեղեկանք էր պատրաստել, որն էլ դրված էր հակամարտության կարգավորման Տեր-Պետրոսյանի 1997-ի մոտեցումների հիմքում: Կյանքը ցույց տվեց, որ Բագրատ Ասատրյանի հաշվարկները սխալ են, ուստի և Տեր-Պետրոսյանին նոր տեղեկանք է պետք:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերակատարության և Իլհամ Ալիևի ռացիոնալության մասին ՀԱԿԿ հետհամագումարյան պարզաբանումներին, ապա դա Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդուն անահարիր «կռուտիտներ են», երբեմն-երբեմն սխալներն ընդունելն ու դրանցից դասեր քաղելը կարող է և օգտակար լինել:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում