Խոշոր ավտովթար Արարատի մարզում

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երասխավան ընթանալիս բախվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը և հայտնվել շինհրապարակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ՀՀ ՊՆ գեներալ է և տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, փոխգնդապետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեգլարյանի և տեսուչ Գրիգոր Հակոբյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ կժամանեին ՃՈ աշխատակիցները, Lexus-ի վրայից հանվել են համարանիշները, որոնք եղել են ՀՀ ՊՆ համարանիշներ։ Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մեքենայի անվադողերը ձմեռային են, իսկ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, վթարը այլ կլիներ։ Վարորդն էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ գտնվում է սթափ վիճակում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՊՆ գեներալը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ մեկնում էր մարտական դիրքեր՝ զինվորներին տեսակցության։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիրավոր գեներալը Էնրիկո Ապրիամովն է, իսկ ճանապարհին ոչ մի խոչընդոտ չի եղել, ոչ մի սառույց, մշակված է եղել և տեղադրված են եղել նախազգուշացնող նշանները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում