Արդիականացվում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությունը

Հասարակական կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա փոփոխություններ կկատարվեն Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում՝ նրանում ներառելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առավել մեծ թիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության դեկտեմբերի 29-ի նիստում այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ միաժամանակ կմեղմացվեն հասարակական կազմակերպություններին ներկայացվող չափանիշները: Նախարարի խոսքով՝ կազմում կընդգրկվեն նաև մասնավոր (բիզնես) հատվածը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հաշվի առնելով նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում տնտեսության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության առանցքային հիմնախնդիրները՝ Խորհրդի կազմում ընդգրկվելու են նաև համապատասխան մարմինների ղեկավարները:

Առաջարկվող փոփոխություններն ուղղված են Խորհրդի հանրային հաշվետվողականության և գործունեության թափանցիկության բարձրացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում