Սպանություն Ալավերդիում. կասկածյալի ինքնությունը պարզվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Ալավերդի քաղաքի 34-ամյա բնակիչ Ռոման Պողոսյանի սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2016թ. դեկտեմբերի 28-ին` ժամը 03:35-ին, «Ալավերդու» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Ջրավազան փողոցում կա տղամարդու դի:

Դեպքի վայրի զննությամբ Ալավերդի քաղաքի Ջրավազան 80-րդ շենքի մոտ՝ մայթեզրին, բերանքսիվայր վիճակում, հայտնաբերվել է նույն քաղաքի բնակիչ, 1982թ. ծնված Ռոման Պողոսյանի դիակը՝ մարմնական վնասվածքներով։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, որի արդյունքում հերքվել է վնասվածքները բարձրությունից ընկնելու հետևանքով ստանալու վարկածը, ապացույցներ ձեռք բերվել, որ վերջինս ենթարկվել է բռնության և քրեական գործ է հարուցվել սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով։

Քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով սպանության կասկածանքով ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես նաև՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում