Հունվարն ավելի տաք է լինելու, քան դեկտեմբերը

Հանրապետությունում հունվարին, դեկտեմբերի համեմատ, տաք է լինելու: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Իհարկե, դա չի նշանակում, որ լինելու է գարնանային ջերմ եղանակ: Փորձը ցույց է տալիս, որ երբ ասում ենք օդի ջերմաստիճանի բարձրացում, շատերին թվում է, թե գարնանային տաք եղանակ է լինելու»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Նրա տեղեկացմամբ՝ հունվարին, ընդհանուր առմամբ, եղանակային վայրիվերումները շատ մեծ են լինելու: Լինելու են արկտիկական ցուրտ հոսանքների ներխուժումներ, որոնք այս անգամ գալու են ոչ թե Սկանդինավիայի, այլ Սիբիրի կողմից: Մեր երկիրը հունվարին շատ հաճախ գտնվելու է հյուսիս-արևելքից ներթափանցող արկտիկական հոսանքների ազդեցության ներքո: Կլինեն ժամանակահատվածներ, երբ Հայաստանը կգտնվի Մերձավոր Արևելքից ներթափանցող տաք հոսանքների ազդեցության ներքո:

Հունվարը բոլոր մարզերում կանխատեսվում է տեղումնառատ, այսինքն` ձնառատ է լինելու: Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում արկտիկական ցուրտ հոսանքների ներխուժման դեպքում կանխատեսվող նվազագույն ջերմաստիճանը -17…-20 աստիճանն է: Նշված հատվածներում տաք հոսանքների ներթափանցման դեպքում առավելագույն ջերմաստիճանը կանխատեսվում է +4…+5 աստիճան:

Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է -25…-30: Աշոցքի, Վարդենիսի, Ապարանի, Ծաղկահովտի հատվածը չի բացառվում մինչև -32…-33 աստիճան սառնամանիք: Նշված հատվածներում տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում չի բացառվում, որ առանձին օրերին ջերմաստիճանը բարձրանա 0…+3 աստիճան: Հունվարին Լոռիում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է -21…-26, առավելագույն ջերմաստիճանը` +3…+7: Տավուշում նվազագույն ջերմաստիճանը գիշերային ժամերին առանձին օրերին կիջն? ? -12…-17, առավելագույնը, տաք օդի ներթափանցման դեպքում, կլինի +5…+10: Սյունիքի հովտային շրջաններում ցուրտ հոսանքների դեպքում նվազագույն ջերմաստիճանը կլինի -10…-15, տաք օդի ներթափանցման դեպքում առավելագույն ջերմաստիճանը կլինի +5…+10: Սյունիքի լեռնային գոտիներում նվազագույնը կանխատեսվում է -18…-23 աստիճան, առավելագույնը` +2…+5 աստիճան:

Երևանում արկտիկական ցուրտ օդային հոսանքների դեպքում կունենանք օրեր, երբ մայրաքաղաքի ցածրադիր գոտում ջերմաստիճանը կլինի -17…-20, բարձրադիր գոտում `-14…-16 աստիճան: Տաք օդային հոսանքների դեպքում Երևանում կանխատեսվում է մինչև +4…+5 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում