Սեւանա լիճը եւ նրա ջրահավաք ավազանը եկող տարում հիմնովին կազատվեն կենցաղային աղբի թափոններից

Հանդես գալով տարեվերջյան մամուլի ասուլիսով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզի բնապահպանական ոլորտում անչափ կարեւոր ձեռքբերում համարեց այն, որ այս տարի ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով լուծում է ստանում Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի համար աղտոտվածության մեծ վտանգ ներկայացնող կենցաղային աղբի թափոնների կառավարման խնդիրը:

«Այս տարի կառավարության որոշմամբ հաստատվեց «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը», որով նախատեսվում է ներդնել 11 միլիոն եւրո գումար՝ 5,5 միլիոն եւրոն՝ դրամաշնորհի, 5,5 միլիոն եւրոն՝ ցածր տոկոսադրույքներով վարկի տեսքով: Ծրագրի իրականացումը կսկսվի առաջիկա գարնանը: Կենցաղային կոշտ թափոնները մեր մարզում կկուտակվեն եւ աղբահավաք մեքենաների միջոցով կտեղափոխվեն Կոտայքի մարզ: Սեւանա լճի մաքրության համար, պետք է ասել, վերջապես կարեւոր ու կենսական նշանակության խնդիր է լուծվել: Հարցի լուծումն ընդգրկված էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած խորհրդակցության հանձնարարականների ցանկում»,- հաստատեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում