ՊԲ-ն հերքում է Ակնայի ուղղությամբ արկակոծության մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից դեկտեմբերի 29-ին շրջանառության մեջ դրված տեղեկությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Ակնայի /Աղդամ/ ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք:

Այս մասին նշվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ չնայած հակառակորդի կողմից պարբերաբար առաջնագծում ձեռնարկվող սադրիչ քայլերին, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես երեկ, այնպես էլ այսօրվա ընթացքում որևէ զինատեսակից պատասխան գործողության չեն դիմել:

«Արցախի զինված ուժերը շարունակում է հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը: Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում հանգիստ է»,- նշված է ՊԲ հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում