Նուբարաշեն ՔԿ-ի կալանավորը հաղորդում է տվել քննիչի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման մասին

Ավազակային հարձակման մեջ մեղադրվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Անդրանիկ Ա.-ն հաղորդում է տվել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Անդրանիկ Ա.-ն 2016թ.-ի հուլիսի 23-ին` հանցագործություն կատարելուց հետո, իր ավտոմեքենայով դիմել է փախուստի, սակայն Երևան-Իջևան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել: Դեպքից հետո Անդրանիկ Ա.-ի քրեական գործը քննող ՀՀ քննչական կոմիտեի քննիչը ավտոմեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերել է կալանավորին պատկանող` 3.500.000 ՀՀ դրամ արժողությամբ «Վերտու» ապրանքանիշի հեռախոս, սակայն, ելնելով շահադիտական նպատակներից, չի կատարել իր ծառայողական պարտականությունները` թաքցրե լ է թանկարժեք հեռախոսի հայտնաբերման փաստը և այն չի կցել քրեական գործի նյութերին: Այդպիսով, վերջինս, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, էական վնաս է հասցրել պետության, ինչպես նաև Անդրանիկ Ա.-ի օրինական շահերին և իրավունքներին:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում