Մարտին Շուլցը հրաժարվեց առաջադրվել Գերմանիայի կանցլերի թեկնածու. Spiegel

Եվրախորհրդարանի ղեկավար սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցն իր կուսակիցներին հասկանալ է տվել, որ նրանք չպետք է հույսեր կապեն իր հետ որպես 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Գերմանիայի կանցլերի թեկնածուի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Der Spiegel հանդեսը: 

Այսպիսով, որոշումը, թե Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից ով կդառնա կանցլերի թեկնածուն, ըստ էության, կախված կլինի ԳՍԴԿ-ի ղեկավար Զիգմար Գաբրիելից: Կուսակցության շատ անդամներ վստահ էին, որ Եվրախորհրդարանի ներկայիս ղեկավարը Անգելա Մերկելի արժանի մրցակիցը կդառնա կանցլերի պաշտոնի համար մրցավազքում, ուստի փորձում էին համոզել Շուլցին բացահայտորեն հայտարարել թեկնածու դառնալու պատրաստակամության մասին: Դրանով իսկ նա կհասներ այն բանին, որ այդ հարցի շուրջ քվեարկեին ԳՍԴԿ-ի անդամները:

Ավելի վաղ Գաբրիելը, որը, որպես կուսակցության առաջնորդ, ԳՍԴԿ-ից կանցլերի «բնական» թեկնածու է, հայտարարել է, որ մի քանի հավակնորդների առկայության դեպքում կանցկացնի նախնական ընտրություններ: Շուլցն այդ դեպքում ակնհայտ ֆավորիտ կլիներ: Հրատարակության տվյալներով՝ ակներեւ է, որ Եվրախորհրդարանի ղեկավարը երկյուղել է առաջադրել իր թեկնածությոնը եւ բացահայտ պայքարի մեջ մտնել Գաբրիելի հետ:

ԳՍԴԿ-ն պաշտոնապես իր թեկնածուի անունը կհայտարարի հունվարի երկրորդ կեսին: Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները նշանակված են հաջորդ տարվա աշնանը: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (Քրիստոնեադեմոկրատական միություն) հայտարարել է չորրորդ ժամկետով իր թեկնածությունն առաջադրելու պատրաստակամության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում