Համայնքն ինքը պետք է ապահովի տնտեսական ակտիվություն և սեփական եկամուտներ. Վարդան Արամյան

ՀՀ կառավարությունը պետք է պայմաններ ստեղծի մասնավորի ներդրման համար, քանի որ միայն պետական միջոցների հաշվին ներդրում կատարելն արդյունավետ չէ: Այս մասին Գյումրիում դեկտեմբերի 30-ին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով Գյումրիին կառավարության կողմից տրամադրվող գումարներին: «Մշտապես կա ֆինանսների մեծ պահանջ: Մենք՝ նոր կառավարությունը, փորձում ենք մտածողությունը փոխել. ոչ միշտ է, որ կառավարության հաշվին պետք է ամբողջական փոխհատուցումներ տրվեն: Պետական միջոցների հաշվին ներդրումներ կատարելն արդյունավետ չէ: Եթե խոսենք Գյումրուն տրամադրվող գումարի՝ 3 միլիարդ դրամի մասին, այո, քիչ է, 10 միլիարդն էլ է քիչ, 100 միլիարդն էլ կարող է քիչ լինել՝ կախված նրանից, թե արդյունքում ինչ ենք ուզում: Արդյո՞ք պետական բյուջեն հնարավարություն ունի այդ ամբողջ բեռն իր վրա վերցնելու: Անշուշտ՝ ոչ, քանի որ շատ խնդիրներ կան բանակի հետ կապված, սոցիալական և այլն: Այս դեպքում ճիշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի մասնավորը շահագրգիռ լինի ներդրում կատարելու»,- նշեց Վարդան Արամյանը՝ փաստելով, որ համայնքը սեփական եկամուտներն է ունենալու: «Ինքը պետք է ունենա տնտեսական ակտիվություն և սեփական եկամուտներ՝ սա է ֆինանսական կայունության գրավականը»,-ավելացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Խոսելով «Մարզերին հրատապ խնդիրների լուծման» ծրագրերի նորից իրականացման մասին՝ հանրապետության գլխավոր ֆինասիստը նշեց, որ ՀՀ կառավարությունը փորձելու է կրկին այդ ծրագիրն իրականացնել, բայց պետք է չափորոշիչներ սահմանել հրատապ խնդիրների համար՝ գումարը նպատակային իրացելու նպատակով:

Լրագրողերի այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ ֆինասների նախարարը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է տեղափոխվել Գյումրի, եթե նման որոշում կայացվի, Վարդան Արամյանը հավաստեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է: «Ֆինանսների նախարարությունը պատրաստ է ամեն տեղ աշխատել՝ տեղանքը կարևոր չէ: Պետք է նայել միայն արդյունավետությանը, թե որքան արդյունավետ կլինի: Դա մտածելու հարց է: Այդ հարցը պետք է ճիշտ նախագծել, այն ոչ թե պետք է լինի ակտիվ ցանկություն, այլ արդյունավետ քայլ, որ պետական կառավարման մեջ խեղում չլինի»,-նշեց Վարդան Արամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում