Սիրիական զորքերը Դամասկոսի մերձակայքում վերսկսել են հակաահաբեկչական գործողությունը

Սիրիական բանակը վերսկսել է հակաահաբեկչական գործողությունը Դամասկոսից արեւմուտք ընկած Վադի Բարադա հովտում՝ հունվարին 7-ին այնտեղ ձեռք բերված հրադադարի խախտումից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Al Watan թերթին, զինվորականներն ու աշխարհազորայինները չորս բնակավայր են գրավել այդ տարածաշրջանում եւ վերահսկողություն հաստատել Դահր էլ Մասաբիի ռազմավարական բարձունքների նկատմամբ:

Զորքերը հարձակվում են Կֆար Զեյթ քաղաքի վրա, որը «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ»՝ նախկին «Ջեբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման պատվարն է:

Վադի Բարադա հովտում ծավալված գործողությունը նպատակ է հատապնդում վերականգնել Սիրիայի մայրաքաղաքի ջրամատակարարումը:

Երկրի ԱԳ նախարարության ուղերձում, որը հունվարի 5-ին ուղարկվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, մատնանշվում էր, որ անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչների կողմից իրականացված դիվերսիայի հետեւանքով Դամասկոսը զրկվել է խմելաջրի աղբյուրների 80 տոկոսից: Զինյալները ոչ միայն պայթեցրել էին մայրուղային ջրատարը, այլեւ այն աղտոտել դիզելային վառելիքով:

«Դամասկոսի 7 միլիոնից ավելի բնակիչներ, ներառյալ երեխաներ ու կանայք, խմելաջրի խիստ կարիք ունեն»,– նշվում էր փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում