Հայկական զինված ուժերը տոնական օրերին վերահսկել են իրավիճակը ԼՂ-ի և Ադրբեջանի շփման գծում

Տոնական օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը շարունակել է հրադադարի ռեժիմի խախտումները, սակայն հայկական զինված ուժերի կողմից իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Հակառակորդը շարունակել է հրադադարի խախտումները` ամեն օր տարբեր զինատեսակներից արձակելով միջինը 30-40 կրակոց: Սակայն իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բաբայանը:

Նա հավելեց, որ հակառակորդի նման պահվածքը նորություն չէ, քանի որ հատկապես հունվարին կանխատեսելի են ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտումները:

«Գիտեք, որ այսպես կոչված հունվարյան դեպքերի տարեդարձն է, և նրանք այս օրերին պարբերաբար խախտում են հրադադարը: Բոլորին է հայտնի այսպես կոչված «սև հունվարը», երբ խորհրդային զորքերը մտան Բաքու և փորձում էին փրկել կոտորածի ենթարկվող հայ բնակչությանը: Այդ գործողությունների ժամանակ զոհվեցին բազմաթիվ ահաբեկիչներ: Ճիշտ է, հնարավոր է, որ այդ ժամանակ զոհվել են նաև անմեղ մարդիկ, սակայն հիմնականում այդ զոհերն ահաբեկիչներ են: Հիմա Ադրբեջանում սրբացրել են այդ զոհերին, և ամեն տարի հունվարին նրանք ավելացնում են հրադադարի խախտումները, որի միջոցով փորձում են «փրկել» իրենց արժանապատվությունը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում