Հիլարի Քլինթոնն այլեւս չի մասնակցի ընտրությունների

ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը չի մասնակցի Նյու Յորքի քաղաքագլխի ընտրություններին, ինչպես նաեւ ապագա այլ ընտրությունների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին, հայտարարել է Քլինթոնի վստահված անձը՝ Նիրա Թանդենը:

Ավելի վաղ New York Daily News-ը, հղում անելով սեփական բարձրաստիճան աղբյուրի, հայտնել էր, որ Քլինթոնը դիտարկում է Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնում ընտրվելու հնարավորությունը: Նյու Յորքի ներկայիս քաղաքագլխի՝ Բիլ դե Բլազիոյի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա վերջին:

«Կարծում եմ, որ նա երեխաներին ու ընտանիքներին օգնելու ուղիներ է փնտրում: Դա այն Է, ինչի վրա կենտրոնացած էր նրա ողջ կյանքը… Ես չեմ կարծում, որ նա երբեւիցե վերստին կմասնակցի ընտրությունների»,-հեռուստաալիքը մեջբերել է Թանդենի խոսքը:

Հիլարի Քլինթոնն անցյալ տարվա նոյեմբերի 8-ին նախագահական ընտրությունները տանուլ է տվել հանրապետական Դոնալդ Թրամփին, որը պետության ղեկավարի պաշտոնը կստանձնի այս տարվա հունվարի 20-ին նշանակված երդմնակալության արարողությունից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP

Հետևեք մեզ նաև Telegram-ում