Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2017 թվականի ձմեռային զորակոչը

Գեղարքունիքի մարզում հունվարի 9-ին մեկնարկեց 2017 թվականի ձմեռային զորակոչը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, նորակոչիկների առաջին հավաքի մասնակիցները Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնեցին այսօր առավոտյան Գավառի, Մարտունու, Վարդենիսի եւ Սեւանի զինվորական կոմիսարիատներից:

Նորակոչիկներին Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ շնորհավորեցին եւ խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալներ Արտաշես Նիկոյանը եւ Կարեն Հակոբյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը, Գավառի զինկոմ Արմեն Հովսեփյանը, Մարտունու զինկոմ Գեւորգ Մխեյանը, Սեւանի զինկոմ Տիգրան Աթայանը եւ Վարդենիսի զինկոմ Գարիկ Առաքելյանը:

Զինկոմիսարիատներում բուժզննումներ անցնելուց հետո նորակոչիկներն այցելեցին իրենց տարածքների եկեղեցիներ՝ ստանալու Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հայրերի օրհնությունը եւ մոմեր վառելու իրենց բարեհաջող ծառայության համար:

Նորակոչիկները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանների պատվանդաններին եւ, հրաժեշտ տալով իրենց հարազատներին, մեկնեցին Հայոց բանակ:
«Գեղարքունիքի մարզից այսօր Հայոց բանակ մեկնած նորակոչիկները կայցելեն Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան, Հայոց ցեղասպանության թանգարան, ապա կներկայանան հավաքակայան, որտեղից էլ կբաշխվեն իրենց ապագա զորամասեր: Իսկ առաջին հավաքի նախորդ օրը եւ այսօր հարազատներն ու բարեկամները քեֆ-ուրախությամբ, բարձր տրամադրությամբ են բանակ ճանապարհել իրենց զավակներին»,-պատմեց Տիգրան Հակոբյանը:

Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացմամբ՝ Գավառի զինկոմ Արմեն Հովսեփյանը Գավառի տարածքի համայնքների նորակոչիկներին նվիրեց առաջին անհրաժեշտության հիգիենիկ պարագաներ, ապա դասախոսության կարգով նրանց ծանոթացրեց զինվորական ծառայության նրբություններին եւ կանոններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում