Չջեռուցվող դպրոցներում դասեր անցկացնելու ռեժիմը տնօրենների հայեցողությամբ կարող է փոփոխվել. Նարինե Հովհաննիսյան

ՀՀ կրթության գիտության նախարարությունն առաջարկում է, որ այն դպրոցներում, որոնք չեն ջեռուցվում, տնօրենների հայեցողությամբ դասեր անցկացնելու ռեժիմը փոփոխել. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։

«Տնօրենները կարող են դասաժամերի անցկացման ռեժիմը փոփոխել, օրինակ` ժամը 10:00-ից գան դասի՝ 30 րոպեանոց դասաժամով, որովհետև շատ տարբեր է վիճակը հանրապետությունում: Մարզեր կան, որտեղ շատ տաք է, և նորմալ դաս են անում, դպրոցներ կան, որտեղ լոկալ ջեռուցում է, և իրենք էլ դաս են անում: Կան նաև դպրոցներ, որ չեն տաքանում, բայց հույս ունեն, որ վաղն առավոտյան տաք կլինի, խառն է, և այդ պատճառով թողնում ենք, որ դպրոցների տնօրենները որոշակի փոփոխություններ կատարեն»,-ասաց նա:

Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ այն դպրոցները, որտեղ անհնար կլինի դաս անցկացնել, կարող են դիմել նախարարություն, և թույլ կտան, որ գարնանային արձակուրդների փոխարեն աշակերտները հունվարին տանը մնան ևս մեկ շաբաթ:

Հանրակրթության վարչության պետը նշեց, որ նախարար Լևոն Մկրտչյանը բոլոր մարզպետների հետ խոսել է:

«Մոտեցումն առայժմ սա է՝ որոշակի ռեժիմային փոփոխությունների գնալը, բայց խոսք չկա միանշանակ մեկ շաբաթով հետաձգելու,-ասաց նա և ավելացրեց,-մի շաբաթը մեզ ոչինչ չի տա, մենք չունենք ոչ մի ցուցանիշ, որ մի շաբաթ հետո կտաքանա, սա է խնդիրը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում