ՊՆ-ում քննարկվել են ձմեռային զորակոչի անցկացմանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ հունվարի 9-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկումներին սելեկտորային-տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմի ներկայացուցիչները:

Սելեկտորային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են Ամանորի, Սուրբ ծննդյան և հետտոնական օրերին առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության առավել բարձրացմանն ուղղված աշխատանքները: Քննարկվել է նախօրեին մեկնարկած ձմեռային զորակոչի պատշաճ և բարձր մակարդակով անցկացման միջոցառումները, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Ըստ այդմ` նախանշվել են առաջիկա անելիքները, որոնց վերաբերյալ խորհրդակցության մասնակիցներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում