Արցախում զինծառայության են մեկնել այս տարվա առաջին նորակոչիկները

Նորակոչիկներին Ստեփանակերտի կենտրոնական հավաքակայանում ճանապարհելու էին եկել ծնողներ, հարազատներ, ընկերներ:

Զինակոչիկ Հայկ Ավանեսյանը նշել է, որ գիտակցաբար է ծառայության մեկնում և հասկանում է, որ հայրենիքի պաշտպանությունը սուրբ պարտականություն է:

«Ապրիլյան պատերազմը իմ և իմ ընկերների գիտակցության մեջ շատ թարմ է, և մենք հասկանում ենք, որ գնում ենք ոչ միայն ծառայելու, այլև հարկ եղած դեպքում մարտեր վարելու: Ուզում եմ ասել, որ ոչ ոք թող չանհանգստանա, մենք մեր գործը պատվով ենք անելու»,- ասել է Հայկը:

Իր ընկերներին բարի ծառայություն է մաղթել Էրիկ Հայրապետյանը՝ նշելով, որ կասկած չունի նրանց խիզախության վրա, սակայն ցանկանում է, որ խաղաղ լինեն սահմանները:

«Ինչպես այսօր ուրախությամբ ճանապարհում ենք նրանց, թող այդպես էլ բոլորին դիմավորեն իրենց ընտանիքներում»,- ասել է Էրիկը:

Լաուրա տատիկն, ով իր երկրորդ թոռնիկին է ճանապարհում ծառայության, նշել է. «Մյուս թոռնիկս արդեն զորացրվել է: Ուրախ ու հպարտ եմ, որ այսօր էլ հաջորդ թոռս է մեկնում բանակ. գնում է միանալու հայրենիքի սահմանները հսկող մեր զինվորներին: Թող խաղաղություն լինի մեր երկրում, և բոլոր երիտաս արդներն էլ իրենց պարտքը կատարեն ու բարով վերադառնան իրենց օջախները»:

Զինակոչիկ ընկերոջը բանակ ճանապարհելու եկած Հարութ Սողոմոնյանն էլ համոզված է, որ ընկերը պատվով է կատարելու հայրենիքի հանդեպ իր պարտքը:

«Ես արդեն ծառայել եմ, համոզված եմ, որ մեր նորակոչիկները ինձնից ավելի լավ են ծառայելու: Իմ ընկերը, համենայնդեպս, շատ լավ է տրամադրված: Բարի ծառայություն և բարի վերադարձ մեր բոլոր ծառայողներին»,- ասել է Հարութը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում