Նման պարիտետային հայտարարությունները թուլացնելու են Մինսկի խմբի դիրքերը և միջնորդական ջանքերը. Արտակ Զաքարյան

Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի մարտական դիրքերում իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը հերթական պարիտետային հայտարարությունն է, որը Ադրբեջանի համար կրկին որևէ նշանակություն չի ունենալու: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Ես կարծում եմ, որ Մինսկի խումբը պետք է հենց դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ իրականացրած ագրեսիան դատապարտեր այն ընկալմամբ, որ խնդիրն ընդհանրապես դուրս է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացից և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հետ որևէ առնչություն չունի»,- ասաց Զաքարյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է հրադադարի պահպանման հարցում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները ` անտեսելով Մինսկի խմբի համանախագահների բոլոր ջանքերը: «Ես կարծում եմ, որ նման պարիտետային հայտարարությունները գնալով թուլացնելու են Մինսկի խմբի դիրքերը և միջնորդական ջանքերը: Անհրաժեշտ է, որպեսզի Մինսկի խումբը Ադրբեջանի վրա տեսանելի և հստակ քաղաքական գործիքներ բանեցնի, որպեսզի վերջինս կարողանա հնարավորություն ստեղծել բանակցային գործընթացն առաջ տանելու համար»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով` հակառակ դեպքում կունենանք երկար ձգվող, չկարգավորված և անընդհատ մխացող հակամարտություն, որը տարածաշրջանի համար շատ սպառնալիքներ է ներկայացնելու` ի դեմս Ադրբեջանի:

ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող:

Դիվերսիոն անհաջող փորձից 12 օր հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, թե Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի առնչությամբ, որի հետևանքով գրանցվեցին մահվան դեպքեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում