Վենեսուելայի խորհրդարանը քվեարկեց երկրի նախագահի պաշտոնաթողության օգտին

Վենեսուելայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողության գաղափարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է El Comercio հեռուստաալիքը:

Այս հարցի շուրջը կայացած քվեարկության ընթացքում 167 պատգամավորներից 106-ը «կողմ» է արտահայտվել: Ընդդիմադիր մեծամասնությունը նախագահին մեղադրել է «պաշտոնեական պարտականությունների չկատարման» մեջ: Քվեարկությունն անցկացվել է խորը տնտեսական ճգնաժամի ֆոնին, որում հայտնվել է երկիրը, բայց քվեարկությունը խորհրդանշական բնույթ է կրում եւ իրավաբանական ուժ չունի:

Վենեսուելայի Գերագույն դատարանը ոչ սահմանադրական է ճանաչել նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողության վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության որոշումը, հայտնել է TeleSur հեռուստաալիքը:

«Վենեսուելայի Գերագույն դատարանն արգելափակեց նախագահ Մադուրոյին պաշտոնից հեռացնելու՝ ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ասամբլեայի հերթական փորձը՝ որոշելով, որ «Մադուրոյի «տապալման» օգտին քվեարկությունը եւ նոր ընտրությունների նախապատրաստումը ոչ սահմանադրական է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նիկոլաս Մադուրոյի նախագահական ժամկետն ավարտվում է 2019 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում