Քաղաքագետը ԵԱՀԿ ՄԽ-ի հայտարարությունը անարդար է համարում

Հայկական կողմը պետք է ստիպի ԵԱՀԿ խմբին, որպեսզի հայտարարությունների մեջ հասցեական նշվի մեղավոր կողմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Հակառակ պարագայում ստացվում է, որ երկու կողմերն էլ մեղավոր են: Իսկ այս գնահատականները անարդար են և հավասար քննադատություն են պարունակում թե′ հակամարտության կարգավորման հարցը տապալող կողմի համար, թե′ այն կողմի համար, որն ամեն ինչ անում է, որպեսզի խնդիրը լուծվի»,- ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի խոսքով` Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների հետևանքով հայկական կողմը ունեցավ երեք զոհ, սակայն ԵԱՀԿ Մինսկի խումբը երկու կողմերին հավասար մեղադրում է:

Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող:

Դիվերսիոն անհաջող փորձից 12 օր հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, թե Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի առնչու թյամբ, ինչի հետևանքով գրանցվեցին մահվան դեպքեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում