Իրանի խորհրդարանն օրինագիծ ընդունեց երկրի պաշտպանունակության ամրապնդման մասին

Իրանի խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որը Իսլամական Հանրապետության կառավարությանը պարտավորեցնում է ամրապնդել երկրի պաշտպանական ներուժը ի շահ ազգային անվտանգության ապահովման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Press TV հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ ընդունված օրինագիծը հանձնարարում է Իրանի գործադիր իշխանությանը նախեւառաջ ավելացնել հրթիռային համակարգերի արտադրությունը եւ ընդլայնել հակաօդային պաշտպանության միջոցների հնարավորությունները:

Օրինագծում տեղ են գտել ազգային անվտանգության ապահովման ոլորտում Իրանի իշխանությունների գործունեության նաեւ այլ ուղղություններ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ռազմական կառավարման ու կապի համակարգում առաջավոր տեխնոլոգիաների կիրառմանը, կիբեռանվտանգության ամրապնդմանը, ահաբեկչության դեմ պայքարելու համար ռազմական տեխնիկայի մշակմանը, Իրանի ռազմաօդային ուժերի զարգացմանը:

Փաստաթուղթը պաշտպանել է 173 պատգամավոր, վեցը ձեռնպահ են մնացել, եւս 10-ը դեմ են քվեարկել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում