Հավասարության նշան դնող հայտարարությունները չեն նպաստի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների տարածումը չի կարող նպաստել, որպեսզի ադրբեջանական կողմը վերջ տա սադրանքներին և կյանքի կոչի խաղաղ կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով դեկտեմբերի 29-ին ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ իրականացված ագրեսիայի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:

«Մենք մշտապես քննադատել ենք Մինսկի խմբի համանախագահների այն մոտեցումը, որ նրանք ամեն անգամ տարածում են կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարություններ այն դեպքերում, երբ ակնհայտ է, թե իրականում կողմերից ով է սադրանքների հեղինակը: Ես համոզված եմ, որ համանախագահող բոլոր երկրները շատ լավ գիտեն, թե որ կողմն է խոչընդոտում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, որ կողմն է պարբերաբար խախտում պայմանավորվածությունները և լարվածություն ստեղծում: Նրանք ասում են, որ չեն ցանկանում խաթարել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, բայց նման հայտարարությունները չեն կարող նպաստել խաղաղ կարգավորմանը»,– նշեց պատգամավորը:

Բաղդասարյանը հստակեցրեց, որ հայկական կողմը չի պահանջում հասցեական գնահատականներ հնչեցնել կողմերից միայն մեկի հասցեին, այլ հստակ գնահատական տալ այն կողմի գործողություններին, որը մշտապես խախտում է պայմանավորվածությունները և գնում է լարվածություն ստեղծելու ճանապարհով: «Մենք մշտապես ասել ենք, որ այսպես շարունակել չի կարելի, որովհետև նման հայտարարությունները նպաստում են Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության շարունակականությանը»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում