Կարեն Նազարյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս մակարդակը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հունվարի 9-ին ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Եվրամիության հետ Հայաստանի գործընկերային հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին, շարունակվող ոլորտային երկխոսությանը և այլ հարցերի: Պատգամավորի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս մակարդակը և զարգացման հեռանկարները:

Ընդգծվեց նաև ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերի հետևողական իրականացման ու դրանց հանդեպ գործադիր և օրենսդիր մակարդակներում մշտական աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը:

Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքների վերացման ու բանակցային գործընթացի առաջ մղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերի համատեքստում երկուստեք կարևորվեց հիմնախնդրի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում և եվրոպական հանրային կարծիքում իրազեկվածության բարձրացումը:

Մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում