Կրեմլը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել նույնիսկ պատժամիջոցների պայմաններում

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնի հետ պատրաստ է աշխատել հարաբերությունների նորմալացման շուրջ նույնիսկ հակառուսական պատժամիջոցների պայմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, նա ասել է հունվարի 10-ին: 

«Պատժամիջոցներն այն բաղադրիչն են, որը խիստ բացասաբար է ազդում երկկողմ հարաբերությունների վրա: Բայց դրա հետ մեկտեղ եւ նույնիսկ պատժամիջոցների պայմաններում Մոսկվայում կողջունեին երկխոսության ցանկացած հնարավորություն եւ պատրաստ են դրան»,- հայտարարել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների չեղարկումն արդյոք պարտադիր պայման է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման համար:

Միեւնույն ժամանակ Ռուսաստանի դեմ «համընդգրկուն» պատժամիջոցների վերաբերյալ նախագիծ պատրաստելու ամերիկացի մի խումբ սենատորների մտադրությունը Կրեմլում գնահատում են որպես երկկողմ հարաբերությունների հեռանկարներին հարվածելու հերթական փորձ:

«Դա ԱՄՆ-ի ներքին գործն է, բայց այստեղ մենք տեսնում ենք մեր հետագա երկկողմ հարաբերությունների հեռանկարներին հարվածը հարվածի հետեւից հասցնելու շարունակվող փորձեր»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը «Մագնիտսկու ակտի» հիման վրա հունվարի 9-ին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հինգ քաղաքացիների, այդ թվում՝ ՌԴ Հետաքննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում