Երթով հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը. Կմատուցվի նաև հիշատակի պատարագ

Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսից հետո մեկնարկել է երթը դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձան՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ինչպես նախապես հայտարարել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, ժողովուրդը լուռ երթով և ներքին աղոթքով իր հարգանքի տուրքն է մատուցել հինգ տարի առաջ այս օրը տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին:

Նշենք, որ այսօր՝ ժամը 16.30-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվելու է պատարագ, որին մասնակցելու են Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և ՀԱԿ ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ 2008թ.-ի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ին հայտարարվել է արտակարգ դրություն, խաղաղ ցուցարարների ցրելու նպատակով ուժային կառույցները հատուկ գործողություն են կիրառել, որը վերաճել է լայնածավալ բախումների: Այդ օրը հայտարարվել էր, թե Լ.Տեր-Պետրոսյանը գտնվում է տնային կալանքի տակ:

Այնուհետև պարզ է դառնում, որ այդ բախումների հետևանքով զոհվեցիլ է 10 մարդ, որից երկուսը զինվորական, իսկ ավելի քան 200-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Բանտարկվել են շարժման հարյուրից ավելի ակտիվիստներ: Զոհվածներն էին՝ Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Գրիգոր Գևորգյանը, Դավիթ Պետրոսյանը, Արմեն Ֆարմանյանը, Զաքար Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Համլետ Թադեւոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Տիգրան Աբգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում